Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ԱՅԺՄ ԱՅԴ ՊԱՀԸ ՉԷ»

«Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ԱՅԺՄ ԱՅԴ ՊԱՀԸ ՉԷ»
29.10.2010 | 00:00

Սարգսյան-Ալիև-Մեդվեդև աստրախանյան հանդիպումից հետո, երեկ «Իրատես de facto» ակումբում քաղաքագետ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ հանդես եկավ ոչ միայն ինքնատիպ, այլև բավականին ծանրակշիռ վերլուծություն-մեկնաբանություններով։ Քաղաքագետը նկատեց, որ մինչ այդ հանդիպման իմաստը հասկանալը պետք է տեսնել, թե այդ առումով ինչպիսի միջազգային տրամադրվածություններ կան։ Ըստ նրա` ԱՄՆ-ը որոշակի դադար է վերցրել արտաքին քաղաքականության շատ ուղղություններով, որոնց մի մասը նկատելի է, մյուսը` ոչ։ Հարավային Կովկասում քաղաքական դադարը նկատելի է։ Այս հանգամանքը քաղաքագետը բացատրում է ԱՄՆ-ի քաղաքական նպատակներով ու շահերով։ Միացյալ Նահանգների համար կարևորը Աֆղանստանն է, իսկ առավել կարևորը` Չինաստանին զսպելն ու Հնդկաստանի հետ ալյանս կազմելը։ Սա է պատճառը, որ Կովկասն առժամանակ դուրս է մնացել ԱՄՆ-ի հետաքրքրությունների շրջանակից, որովհետև չկա «իրավիճակային շահ»։
Սակայն, Իգոր Մուրադյանի պնդմամբ, ԱՄՆ-ը չի կարող ռազմաքաղաքական հետաքրքրություն չցուցաբերել այս տարածաշրջանում, քանի որ նպատակ ունի Չինաստանի շրջափակման ակտիվ քաղաքականություն վարելու։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այդ տերությունը հասկանում է, որ ԱՄՆ-ը չի կարող լքել Հարավային Կովկասը, ու նրա վերցրած դադարը ժամանակավոր է, ուստի շտապողականություն է որդեգրել` փորձելով հնարավորինս օգուտ քաղել ստեղծված իրավիճակից։ Այս ակտիվության շրջանակում է աստրախանյան եռակողմ հանդիպումը։ «Թվում է` Աստրախանում ոչ թե նախագահներ են հանդիպել, այլ ինչ-որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այդ հանդիպմանը քննարկված հարցերի շրջանակը կարող էր քննարկվել ընդամենն այսօրինակ կազմակերպությունների մակարդակով»,- ասաց ակումբի հյուրը` հավելելով, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հանդեպ մեծ առավելություն ունի այն առումով, որ կովկասյան հանրապետությունները հասկանում են` Ռուսաստանն առանց ԱՄՆ-ի անկարող է ապահովել տարածաշրջանային անվտանգությունը։ Իգոր Մուրադյանը ներկայացրեց նաև այս համատեքստում Ռուսաստանի իրական նպատակը` հակամարտող կողմերին պարտադրել համաձայնագրի ստորագրում` բանակցություններից դուրս մղելով Մինսկի խումբը, այսինքն` ամերիկացիներին։ Սակայն սա, բանախոսի հավաստիացմամբ, իրատեսական չէ, քանի որ Ռուսաստանը կողմերին առաջարկում է պատերազմի կանխարգելում, սահմանափակ խաղաղարարություն։
Ինչ վերաբերում է Դմիտրի Մեդվեդևի այն հայտարարությանը, թե լավ աշխատելու դեպքում հնարավոր է Աստանայում կայանալիք ԵԱՀԿ վեհաժողովում համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, քաղաքագետն այն անհեթեթություն համարեց։ Ավելին, ըստ նրա` Ռուսաստանը ցանկացել է անել հնարավորը, սակայն ոչինչ չի ստացվել։ «Ներկայիս քաղաքական էլիտայի բառապաշարով ասած` «տղան հաբռգել է» ու կարծում է, թե իրավիճակի տերն է, բայց ոչ մի իրավիճակ էլ չկա։ Խաղն ակնհայտորեն ընթանում է Ադրբեջանի հետ, որովհետև Հայաստանի հետ բոլոր հարցերը Ռուսաստանը լուծված է համարում»,- ընդգծեց վերլուծաբանը։ Ըստ ակումբի հյուրի, Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցում առաջնորդվում են քաղաքական հարմարավետության սկզբունքով։ Սա է պատճառը, որ Ղարաբաղին թույլ չեն տալիս դառնալ բանակցային կողմ։ Ռուսաստանը ևս, Մուրադյանի դիտարկմամբ, ամեն ինչ անում է, որ ԼՂՀ-ն չճանաչվի անկախ պետություն։
Իսկ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման գաղափարն Իգոր Մուրադյանը դրական է գնահատում` մի քանի նկատառումներից ելնելով։ «Ճանաչումը միակ հնարավորությունն է` փոխելու այն քաղաքական իրավիճակը, որից դիվիդենդներ են շահում այլ երկրներ։ Ապակառուցողական քայլը երբեմն կարող է լինել ամենից արդյունավետը։ Իհարկե, ճանաչումը ապակառուցողական քայլ է»,- շեշտեց փորձագետը` անհիմն համարելով այն փաստարկները, թե ճանաչումը պետք է լինի անհրաժեշտ պահին։ «Ո՞վ ասաց, որ այժմ այդ պահը չէ»,- հռետորական հարց հնչեցրեց Մուրադյանը, հավելելով, թե պետք է հստակություն մտցվի մեր պատկերացումներում` ի՞նչ ենք ուզում անել դրանից հետո։
Իգոր Մուրադյանն անդրադարձավ նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի արտահայտած այն մտքին, թե Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է դեռևս չճանաչել ցեղասպանությունը, որպեսզի հայ-թուրքական գործընթացը չխափանվի։ «Կա փաստ։ Իսկ ինչ վերաբերում է նախագահականի հերքմանը, դա իրադարձության մեկ այլ վարկած կարելի է համարել։ ԱՄՆ-ի փոխնախագահն ունի բավականաչափ տեղեկություն, ու նրա կողմից չի կարող սխալ լինել»,- հայտարարեց քաղաքագետը, միաժամանակ նկատելով, որ այս ամենը տեղավորվում է Հայաստանի քաղաքական էլիտայի ոճում, քանի որ, ինչ «տղերքով իրար մեջ խոսում են», մտածում են, կարելի է նույն կերպ փոխանցել այլ երկրի նախագահին կամ փոխնախագահին։ Ի դեպ, Իգոր Մուրադյանը կանխատեսեց, որ առաջիկայում ևս նմանատիպ այլ խոսքեր ջրի երես դուրս կգան, այդ թվում նաև` մեր դեսպանների առնչությամբ։
Այսուհանդերձ, փորձագետի կարծիքով, Հայաստանի համար այսօր ամենից դրական ազդեցությունն ունի ԱՄՆ-ի քաղաքականությունը, որովհետև այդ գերտերությունն առաջնորդվում է տարածաշրջանային խնդիրները չլուծելու մարտավարությամբ։ Իսկ Ռուսաստանում իշխում է մի թիմ, որտեղ քաղաքական գործիչներ չկան, այլ կան նավթային ու գազային ոլորտի մենեջերներ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ